Սույն թվականի մայիսի 27-ից հունիսի 1-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում անցկացվում են Հայկական մշակույթի օրեր: Միջոցառումները կազմակերպվել են «Armenian Assembly» հասարակական կազմակերպության կողմից՝ Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության, ինչպես նաև Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի Հայ առաքելական եկեղեցու թեմի աջակցությամբ:
Հայկական մշակույթի օրերի հանդիսավոր մեկնարկը տրվեց Պ․Չայկովսկու անվան Մոսկվայի կոնսերվատորիայի համերգային դահլիճում՝ հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական հեղինակային երեկույթով: Համերգին մասնակցում էին Տուլայի պետական երգչախումբը՝ Ալ. Սոլովյովի ղեկավարությամբ, “Musica Viva” կամերային նվագախումբը՝ Ալ. Ռուդինի ղեկավարությամբ, ինչպես նաև մի շարք հանրահայտ հայ և ռուս երաժիշտներ։ Համերգին ներկա էին բազմաթիվ պատվավոր հյուրեր, գործարարներ ու մշակութային գործիչներ:
Մոսկվայում Հայկական մշակույթի օրերի շրջանակում նախատեսված միջոցառումների շարքում են «Armenian Assembly»-ի 2018-2019 թթ. գործունեության արդյունքների ամփոփումն ու հաջորդ՝ 2019-2020 թթ.-ի ծրագրերի քննարկումը, GOURMET FEST խոշոր գաստրոնոմիկ միջոցառման մեկնարկը, տարածաշրջանային կրթական կենտրոնների ստեղծումը և այլ նախաձեռնություններ:
Վերոնշյալ միջոցառումներից առանձնապես կարևորվում է GOURMET FEST գաստրոնոմիկ միջոցառումը, որի նպատակն աշխարհում հայկական խոհանոցի ճանաչելիության ապահովումն է: Առաջին անգամ հայաստանաբնակ և արտասահմանում գործունեություն ծավալող հայտնի հայ շեֆ-խոհարարների համատեղ աշխատանքի արդյունքում կստեղծվի հատուկ ճաշացանկ՝ հիմնված հայկական ավանդական և եվրոպական խոհանոցների ներդաշնակ ու պրոֆեսիոնալ համադրության վրա:
Հայկական մշակույթի օրերի միջոցառումների շարքը կամփոփվի հունիսի 1-ին՝ Տրետյակովի պետական պատկերասրահում ՌԴ-ում ՀՀ դեսպանատան կողմից կազմակերպված հայ մուլտիպլիկատորների՝ Հովհաննես Թումանյանի հեքիաթների մոտիվներով ստեղծված մուլտֆիլմերի ցուցադրությամբ՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
Մոսկվայում Հայկական մշակույթի օրերին իրականացվող միջոցառումները նպատակ ունեն դառնալու Հայաստանի և հայկական սփյուռքի ներկայացուցիչների միջև կապերի ամրապնդման համապատասխան հարթակ՝ նպաստելով Հայաստանի վարկանիշի բարձրացմանը, ազգային ինքնության պահպանմանը, հնագույն լեզվի և բազմադարյա մշակույթի հանրահռչակմանը: