ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Ինչ է ներառված / Թանգարաններ Երևանում / ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ

     Նկարիչ - արձանագործ Երվանդ Քոչարի /1899 - 1979/ ստեղծագործական ժառանգությունը   XX  դարի  Ավանգարդ արվեստի ամենահետաքրքիր երևույթներից է: 1923 – 1936 թթ. Փարիզում նա ստեղծեց արվեստ, որն իր անունը դասեց այն մեծերի շարքում, որոնցով պայմանավորված է եվրոպական Ավանգարդն ու համաշխարհային կերպարվեստի հետագա ընթացքը: Քոչարը Տարածական նկարչության /«Peinture dans l'espace»/  հիմնադիրն է.  պլաստիկ – գեղարվեստական նոր արտահայտչաձև, որը ներառում է ժամանակը որպես լրացուցիչ չորրորդ չափ: Եվրոպական արվեստաբանական միտքը Քոչարին համարում էր ժամանակակից արվեստի այն ռահվիրաներից «որոնք մի քանի տարում վերափոխեցին արդի գեղանկարչության մասին պատկերացումներն ու տակնուվրա արեցին աշխարհը…»:

Հայ արվեստագետը ցուցադրվել է ժամանակի խոշորագույն վարպետներիª  Պիկասոյի, Բրակի, Արպի, Բրանկուզիի, Լեժեի, Կիրիկոյի և մյուսների կողքին: Նրանց, ինչպես նաև Դյուշանի, Միրոյի, Կանդիսկու, Մոհոլի-Նագիի, Դելոնեի հետ 1936 թ. ստորագրել է «Դիմանսիոնիզմի մանիֆեստը», որը ժամանակի նորագույն գեղագիտական սկզբունքների ազդարարն էր: 1936 թ. Քոչարը ներգաղթեց ԽՍՀՄ. հետևեցին բանտ, ստեղծագործական մեկուսացում, ինչն, անտարակույս, ազդեց Քոչարի ստեղծագործական ընթացքի վրա, բայց այս դեպքում գործեց հակազդման օրենքը: Իր դերն ունեցավ նաև 50-60-ականների խրուշչովյան «ձնհալը»... Այդ ժամանակահատվածը Քոչարի երևանյան շրջանի հանճարեղ թռիչքների, արթնացած հույսերի և այդ հույսերի փլուզման ժամանակն էր: Այս ընթացքում են արարվել «Էքստազը» /1960թ./, «Պատերազմի արհավիրքը» /1962թ./, «Զվարթնոցի արծիվը» /1955թ./, «Մելանխոլիան» /1959թ./, «Կիբեռնետիկայի մուսան» /1972թ./, «Վարդան Մամիկոնյանը» /1975թ./, Հայաստանի ու հայության խորհրդանիշ դարձած «Սասունցի Դավիթը»  /1959թ./  և այլ մեծարժեք ստեղծագործություններ: Երվանդ Քոչարի թանգարանը  ստեղծվել է 1984թ.  Մաէստրոյի արվեստանոցի տեղում:

Մեծ գեղագետի գործերը ներկայացված են աշխարհի բազմաթիվ թանգարաններում, սակայն միայն այստեղ կարելի է հնարավորինս ամբողջական պատկերացում կազմել արվեստագետի անցած ողջ ստեղծագործական ճանապարհի մասին. ցուցադրվում են «Թիֆլիսյան», «Փարիզյան», «Երևանյան» շրջանների գեղանկար, գրաֆիկ, քանդակ աշխատանքները, սեղմումով գործեր, մոնումենտալ քանդակների պլանշետներ, մանրակերտեր, DVD-ներ: Միայն այստեղ և Փարիզի Պոմպիդու կենտրոնում կարելի է տեսնել քոչարյան արվեստի այն հրաշքը, որ կոչվում է  «Տարածական նկարչություն»: Ներկայացված են նաև Ավանգարդի մեծերի հետ Քոչարի առնչությունների մասին վկայող հազվագյուտ փաստաթղթեր և մեծարժեք վավերագրեր:

Երվանդ Քոչարի թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման ու պրոպագանդման կարևորագույն կենտրոն է:    ​

Անվճար այցելություն Երևան քարտով

Adress Մաշտոցի պող. 39/12
          Երևան 0009, Հայաստան

Tel + 374 10 52-93-26

Www www.kochar.am

Open Աշխատանքային օրեր
          Երեքշաբթի-Շաբաթ` 11:00 – 17:00
          Կիրակի` 11:00 – 16:00
         
Close Հանգստյան օրեր
          Երկուշաբթի

          Ամանորյա տոնական օրերին՝
          աշխատանքային օրեր - 
          01.01-05.01 (12:00-17:00)
          ոչ աշխատանքային օրեր -
          30.12, 31.12, 06.01