Կոմիտասի անվան զբոսայգում կգործի «Ապագայ մտածողը» խորագրով ազդագրերի բացօթյա ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին։
Ցուցադրության շրջանակում Հայաստանից, Լեհաստանից, Բելգիայից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից 15 արվեստագետներ ստեղծագործել են ազդագրի ժանրում` ներշնչվելով Կոմիտասի կերպարով ու ժառանգությամբ, արտահայտելով այն՝ այժմեական ընկալմամբ ու հեռանկարով։ Արվեստագետներն իրենց մեկնաբանությամբ անդրադարձել են Կոմիտասին, նրա ժամանակին ու միջավայրին։ Ցուցադրությունն ի սկզբանե նախագծված է եղել որպես "exercice de style" (ոճային վարժություն), որով յուրաքանչյուր արվեստագետ իր ազդագիրը ստեղծելու համար ազատորեն կիրառել է բազմազան տեխնիկական միջոցներ՝ իլյուստրացիա, գրաֆիկական դիզայն, ֆոտոմոնտաժ, տիպոգրաֆիկա, կտրտված թուղթ։ Ցուցադրության բացօթյա բնույթն ընդգծում է արվեստի եւ բնության կապը, որը խորհրդանշական կերպով հիշեցնում է նաեւ կոմիտասյան ստեղծագործության ակունքները։ Ցուցադրության հայեցակարգում չենք տեսնում սովորաբար ազդագրերին առնչվող հանրային տարածքի բնորոշ տարրերը. փողոցը փոխարինված է զբոսայգով, իսկ պատը կամ ցուցափեղկը՝ ծառով։