Երևանի կիսաանապատային գոտում գտնվող բազմազան բուսական հավաքածուներով հարուստ այգին ծառայում է որպես յուրահատուկ հանգստավայր՝ հանրապետության բնակչության և զբոսաշրջիկների համար։
Բուսաբանական այգու տարածքում հողերի տարբեր ցուցանմուշային մանրապուրակներում ներկայացված են բուսաբանաաշխարհագրական տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող տեսակներ, ինչպես նաև վայրի դեղատու, տնտեսապես արժեքավոր, գեղազարդ և բազմաթիվ այլ տեսակներ։ Բացի այդ, հավաքածու-հողամասում աճեցվում են Հայաստանի մշակովի բույսերի վայրի ցեղակիցների մոտ 200 տեսակ /30 ցեղից/` հատիկավորներ, հատիկաընդավորներ, բանջարաբույսեր, հատապտղայիններ, համեմունքային և այլն։ Այստեղ ցուցադրված են նաև մի շարք հազվագյուտ և անհետացող բուսատեսակներ (մոտ 70, որից 38-ը ներառվել է ՀՀ Կարմիր գրքում): Մոտ 4 հա տարածքում ստեղծված է նաև Հայաստանի բուսական համակեցությունների թվով 16 մոդելներ (արհեստական ցենոզներ), որոնց մեջ կան նաև այն խմբավորումները, որոնք բնության մեջ գտնվում են անհետացման եզրին (ավազուտներ, աղուտներ, համմադա, շիբլյակ, ջրաճահճային ցենոզներ և այլն)։
Վերջին տարիներին համալրվել ու հարստացել են բուսաբանական այգու դենդրոհավաքածուները, արևադարձային ու մերձարևադարձային բուսական ֆոնդերը շուրջ 30, ծաղկային բույսերինը՝ 12 նոր գեղազարդ անվանումներով։ Վերականգնվել և գեղազարդ ձևավորվել է բուսաբանական այգու կենտրոնական մասում գտնվող 2000 մ 2 մակերեսով կոլեկցիոն վարդանոցը, որտեղ ներկայացված է վարդի 20 սորտերի շուրջ 800 թուփ։
Աճառյան փող. 1
Երևան 0040, Հայաստան
+374 10 62-17-81
Աշխատանքային օրեր
Ամեն օր: 09:00 -18:00