Թանգարանների դերն ու նշանակությունը հասարակության շրջանում օրեցօր փոխվում է. նրանք փորձում են վերափոխել իրենց մթնոլորտը, դառնում են ինտերակտիվ՝ նպատակաուղղվելով դեպի համապատասխան լսարանը և տեղական հանրությունը: Թանգարանները դառնում են մշակույթի կենտրոններ, հարթակներ, որոնց հիման վրա արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչներ ու գիտնականներ կարող են իրագործել համատեղ ծրագրեր: Այդ ծրագրերը հնարավորություն կտան դառնալու նորի ստեղծման համամասնակից, կիսվել տպավորություններով և փոխազդել միմյանց հետ: Այդ իսկ պատճառով այս տարի Թանգարանների միջազգային օրը կկրի «Թանգարանները՝ որպես մշակութային հանգույցներ. ավանդույթի ապագան» խորագիրը:
Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս Հայաստանը կնշի Թանգարանների միջազգային օրը՝ մասնակցելով «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումներին: Այսպիսով, 2019 թվականի մայիսի 18-ին Երևանի գրեթե բոլոր թանգարանները կաշխատեն հատուկ աշխատանքային գրաֆիկով, անվճար մուտքի հնարավորությամբ և կկազմակերպեն բազմաթիվ միջոցառումներ: Յուրաքանչյուր թանգարանի աշխատաժամերի և միջոցառումների մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ՝ այցելելով թանգարանների ֆեյսբուքյան էջեր, որտեղ մինչև մայիսի 18-ը կտեղադրվի համապատասխան տեղեկատվություն: