Եթե Դուք արդեն Երևանում եք, կամ պատրաստվում եք այցելել Երևան, խորհուրդ ենք տալիս ծանոթանալ Երևանի մասին օգտակար տեղեկատվությանը:
Մայրաքաղաք Երևանը Հայաստանի խոշորագույն քաղաքն է, որի բնակչությունն անցնում է մեկ միլիոնից: Այն Հայատստանի 13-րդ մայրաքաղաքն է, գտնվում է Հրազդան գետի ափերին:
Երևանի անվան հետ կապում են լեգենդ, ըստ որի, երբ Նոյան տապանը հանգրվանել է Արարատ լեռան գագաթին, Նոյը տեսել է ցամաքը և բացականչել է “Երևաց” բառը, որն էլ որոշ փոփոխությունների ենթարկվելով դարձել է Երևան:
Այս արևառատ քաղաքում կարող եք գտնել հնագիտական բնակավայրեր, թանգարաններ, արվեստի սրահներ ու գրադարաններ, ինչպես նաև բազմաթիվ մշակութային կենտրոներ: Նշենք, որ 2012թ. Երևանը ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից ճանաչվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք:
Զվարթնոց օդանավակայան
Զվարթնոց միջազգային օդանավակայանը Հայաստանի Հանրապետության գլխավոր օդային դարպասն է: Այն գտնվում է Երևանի կենտրոնից 12կմ հեռավորության վրա: Օդանավակայանից Երևան փոխադրման ամենահարմար տարբերակը Զվարթնոց օդանավակայանի կողմից պաշտոնապես մատուցվող "Աէրոպորտ" տաքսի ծառայությունն է, որի միջոցով հարմարավետ և ապահով կարող եք տեղափոխվել Երևան:
Երևանի քաղաքային տրանսպորտ
Երևանում շրջագայելու համար ամենահարմար տրանսպորտային միջոցը Երևանի մետրոն է: Մետրոն իրար է կապում քաղաքի տարբեր հատվածները և ունի 10 կայարան: Երևանում գործում են նաև երթուղային տաքսիներ, ավտոբուսներ և տրոլեյբուսներ, ինչպես նաև քաղաքային տաքսիներ:
Հյուրանոցներ և բնակարաններ Երևանում
Երևան այցելող զբոսաշրջիկները կարող են հանգիստ լինել գիշերակացի համար, քանի որ Երևանն ունի բազմատեսակ հյուրանոցներ, հյուրատներ, ինչպես նաև վարձույթով բնակարաններ, որոնք հարմար են ցանկացած նախասիրությունների տեր մարդկանց: Այստեղ Դուք կգտնեք ինչպես շքեղ հյուրանոցային համարներ, այնպես էլ համեստ, բայց հարմարավետ սենյակներ՝ լիարժեք հանգստի համար: Դուք ինքներդ կարող եք ընտրել քաղաքի Ձեր նախընտրած հատվածին մոտ գտնվող հյուրանոցը և չանհանգստանալ հեռավորության մասին:
Ինտերնետային ծածկույթներ Երևանում
Ինտերնետը, որն այսօր այդքան անհրաժեշտ է հատկապես զբոսաշրջիկների համար հասանելի է Երևանում: Երևանի մետրոյի բոլոր կայարաններում կարող եք օգտվել անվճար Wi-Fi ինտերնետից, այգիներում, մի շարք ռեստորաններում և սրճարաններում, ինչպես նաև Հանրապետության Հրապարակում ևս առկա է անվճար Wi-Fi :
Ժամանցը Երևանում
Երևանը կարելի է համարել ժամանցային քաղաք, քանի որ այստեղ կգտնեք գրեթե ամեն ինչ թե՛ մեծահասակների, և թե՛ մանուկների հանգիստն ու առօրյան հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու համար: Երևանը լի է գեղեցիկ այգիներով և պուրակներով, որտեղ կարելի է զբոսնել և հանգստանալ: Ամենուր կարելի է գտնել սրճարաններ և ռեստորաններ, որտեղ ոչ միայն կարելի է համտեսել հայկական խոհանոցի համեղ ուտեստները, այլև կարելի է լսել բարձրորակ կենդանի երաժշտություն: Հետաքրքիր ժամանց են առաջարկում ջազ և կարաոկե ակումբները, դիսկոտեկները և խաղային կենտրոնները, իսկ առևտրի սիրահարներին սպասում են բազմաթիվ առևտրի կենտրոններ և հուշանվերների խանութներ: Երևան ժամանած զբոսաշրջիկների համար հատկապես հետաքրքիր կլինի Վերնիսաժը, որտեղ ցուցադրված են ժամանակակից հայ արվեստագետների, արծաթագործների, նկարիչների գործերը:
Եղանակը Երևանում
Երևան այցելելու լավագույն ժամանակն ամառն է: Այս եղանակին Դուք կարող եք լիարժեք էքսկուրսիաներ կատարել Երևանում և վայելել ժամանցի վայրերը, ինչպես նաև այցելել Երևանի բոլոր այգիները և պուրակները:
Եթե Դուք այնուամենայնիվ ցանկանում եք այցելել Երևան գարնանը և չեք նախընտրում անձրևային եղանակ, ապա խուսափեք ճանապարհորդել գարնան առաջին ամիսներին: Ձեզ համար առավել հարմար տարբերակ է ուշ գարունը, երբ քաղաքի բնությունը ծաղկում է:
Աշնանային Երևանը հիանալի տարբերակ է այն մարդկանց համար, ովքեր սիրում են մեղմ եղանակ: Այս եղանակին Երևանը հրաշալի տեսք ունի ծառերի դեղնակարմիր տերևների շնորհիվ: Իսկ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին սկսվում է տերևաթափը:
Ձմռանը Երևան այցելողներն այն զբոսաշրջիկներն են, ովքեր սիրում են ցուրտ եղանակն ու ձյունը, նախընտրում են ձմեռային սպորտաձևերը կամ ուղղակի սիրում են ժամանակ անցկացնել նոր և խաղաղ միջավայրում: Անպայման այցելեք Ձմեռային այգի, և ձմեռն ու ձմեռային տոները իրական հեքիաթի կվերածվեն Ձեր ընտանիքի բոլոր անդամների համար: Երևանում այս եղանակին կարող եք չմուշկներով սահել ինչպես Ձմեռային այգու, այնպես էլ Կարապի լճի սահադաշտում:
Երևանը մի քաղաք է, ուր Դուք կարող եք այցելել տարվա բոլոր եղանակներին: