ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Տուրիստի համար / Ձմռան համար / ՁՄԵՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Winter holiday armenia

Բացահայտեք ձմեռային հանգիստը Հայաստանում

Եթե Դուք շրջապատված եք հյուրասեր մարդկանց բազմությամբ, ցրտաշունչ ձմռանն անգամ ջերմություն եք զգում, կանգնած եք Հանրապետության հրապարակի հենց կենտրոնում, իսկ հեռվում երևում են Արարատի ձյունապատ գագաթները, շնորհավորում ենք Ձեզ, Դուք գտնվում եք Հայաստանում:

Եվ այսպես: Բարի գալուստ ձմեռային հեքիաթային Հայաստան:

Սա հիանալի հնարավորություն է Երևանի պատմամշակութային արժեքներին ու Հայաստանի տեսարժան վայրերին ծանոթանալու, լեռնային բնապատկերներով հիանալու, ինչպես նաև հնագույն քաղաքի պատմությունը ճանաչելու համար:

Այս հեքիաթն սկսվում է Երևանից՝ Հայաստանի մայրաքաղաքից: Ձմեռային Երևանը ջերմ է ու ձյունառատ: Իսկ եթե հանկարծ կմրսեք դրսում, երևանյան բազմաթիվ ակումբները, բարերը, սրճարաններն ու ռեստորանները սիրով սպասում են Ձեզ և առաջարկում յուրօրինակ տոնական ուտեստներ: Դուք անկասկած կանցկացնեք Ձեր երեկոն հաճելի ու տաքուկ միջավայրում:

Ձմռանն Ամանորին ընդառաջ Երևանի փողոցները, սրճարաններն ու խանութները զարդարվում են տոնական լույսերով ու վառվռուն տոնածառներով: Քաղաքն յուրահատուկ կենդանություն է ստանում և պարուրում է բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կախարդական ոգով: Երևանում անցկացվում են տարատեսակ տոնական միջոցառումներ, կազմակերպվում են համերգներ, քաղաքի կենտրոնում գտնվող Կարապի լիճը վերածվում է սահադաշտի, Հյուսիսային պողոտայում բացվում է Ամանորյա և Սուրբ Ծննդյան շուկան, ուր շատ մարդիկ են այցելում, երաժշտություն է հնչում, և մշտապես տիրում է տոնական բարձր տրամադրություն:

Իսկ եթե Դուք ցանկանում եք իրական հեքիաթ պարգևել Ձեր երեխաներին, այցելե՛ք Երևանի Ձմեռային այգի և զգացե՛ք Ամանորի ու Ծննդյան տոների շունչը Սանտա-Կլաուսի, Միսիս Կլաուսի, էլֆերի ու տոնական բազմաթիվ հերոսների հետ: Այստեղ Ձեզ սպասում են համեղ տոնական թխվածքաբլիթները և բազում անսպասելի անակնկալներ:

Իսկ ահա ձմեռային ակտիվ հանգիստը նախընտրողներին առաջարկում ենք ամբողջությամբ և խորապես ընկղմվել Հայաստանի բնության գողտրիկ անկյունները: Այսպիսի հանգիստն այստեղ աստիճանաբար ավելի տարածված ու պահանջված է դառնում: Հայաստանն հայտնի է իր լեռնային ապշեցուցիչ բնապատկերներով և, իհարկե, Ծաղկաձորի, Սևանի ու Ջերմուկի լեռնադահուկային հանգստավայրերով: Այստեղ Դուք կարող եք սահել դահուկներով և չմուշկներով, զբաղվել ձմեռային տարբեր սպորտաձևերով: Լեռնադահուկային հանգստի սեզոնը սկսվում է դեկտեմբերի կեսերից և տևում է մինչև մարտի կեսերը: Լեռներում տեղակայված են ինչպես սկսնակների, այնպես էլ պրոֆեսիոնալների համար նախատեսված բազմաթիվ սահուղիներ, գործում են միջազգային ստանդարտներին համապատասխանող ճոպանուղային կայաններ, որոնց հարևանությամբ գտնվում են սպորտային պարագաների վարձակալության համար նախատեսված սրահներ: Եվ եթե նույնիսկ Դուք սկսնակ եք, հնարավորություն կունենաք օգտվելու անհատական հրահանգիչի ծառայությունից:

Ձմռանը Հայաստանում կարելի է հանգստանալ նաև այլ հանգստավայրերում՝ Դիլիջանում, Աղվերանում, Հանքավանում: Ամենուրեք գտնվող հյուրանոցները տրամադրում են բարձրակարգ սպասարկում: Բարեհամբույր աշխատակիցները հաճույքով կօգնեն Ձեզ անմոռանալի հանգիստ անցկացնել Հայաստանում:

Հանգիստը Հայաստանում ձմռանը նույնքան գրավիչ է, որքան տարվա մյուս եղանակներին: Նույնիսկ ձմռան ցուրտ օրերին Դուք կարող եք այցելել Հայաստանի գլխավոր տեսարժան վայրերը, որոնց մեծ մասն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-յի Համաշխարհային ժառանգության ցանկում: Հայաստանյան ձմեռային էքսկուրսիաներն ընդգրկում են Հայկական լեռնաշխարհի մարգարիտը համարվող Սևանա լիճը, Գառնու տաճարը, Գեղարդավանքը, Խոր Վիրապի վանքը, որտեղից բացվում է Արարատ լեռան լավագույն տեսարանը, և երկրի այլ գանձերը: Դե իսկ էքսկուրսիաների ընթացքում Դուք հնարավորություն կունենաք համտեսելու հայկական խոհանոցի ավանդական ուտեստները, ինչպես նաև թոնիրի մեջ թխված հայկական հացը՝ լավաշը:

Ինչպես արդեն հասկացաք, Հայաստանն անկրկնելի է ձմռանը: Դուք հնարավորություն ունեք ոչ միայն այցելել լավագույն հանգստավայրերը, այլև ամբողջապես ներքաշվել նրա հարուստ պատմության մեջ և հիանալ բնության գեղեցկությամբ: Իսկ հյուրասեր բնակիչները միշտ սիրով կդիմավորեն Ձեզ և երբեք թույլ չեն տա, որ զգաք ձմռան ցուրտը:  

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD