Հայ տպագրության պատմությունն արտացոլված է Գրատպության թանգարանի Գրի ակունքները, Հայոց այբուբենը, Հայ գրատպության առաջնեկները, Հայկական գրատպության սփյուռքը, Գրահրատարակչություն, Գրի հավերժությունը սրահներում: Գրատպության թանգարանը բացվեց Հայաստանի ազգային գրադարանում, քանի որ այն համարվում է հայերեն տպագիր նյութի ամենամեծ պահոցը: Թանգարանում առանձնահատուկ տեղ հատկացվեց հայ տպագրության գոհարների ցուցադրությանը:
Գրատպության թանգարանում ներկայացված են արժեքավոր տպագրություններ և բացառիկ ցուցանմուշներ, այդ թվում՝ եվրոպացի հրատարակիչների գրքերում հայոց այբուբենի փայտափորագիր տպագիր ներկայացումները, էջեր Դենի Դիդրոյի «Հանրագիտարանից», մեկդարյա պատմություն ունեցող տպագրական մեքենաներ, մամլիչ, փայտափորագիր տախտակներ, կլիշեներ, Հայաստանի և Արցախի մամուլի եզակի նմուշներ, 19-րդ դարի վերջին քառորդի աթոռ-աստիճան, Հայ գրքի 500-ամյակի առիթով տիեզերք ուղարկված և վերադարձված հայկական մագաղաթ`Հակոբ Մեղապարտի տպանշանով, Ջորջ Բայրոնի ինքնագրով գիրքը, հմայիլներ, ապակետիպ և խմորատիպ եղանակով տպագրված գրքեր և պարբերականններ, «Արաքս» գրական գեղարվեստական պատկերազարդ հանդեսը, որը հարուստ բովանդակության և լավ տպագրության համար 1893 թ. Չիկագոյում արժանացել է «Կոլումբեան աշխարհահանդիսի մասնաժողովի» մրցանակին: Թանգարանում ցուցադրված է ինկունաբուլայի (խանձարուրային) նմուշ, Հարթման Շեդելի «Շեդելի համաշխարհային ժամանակագրությունը» գրքից 1 թերթ` հրատարակված Նյուրենբերգում` 1493 թվականին, ինչպես նաև քարտեզներ Սեբաստիան Մյունսթերի «Տիեզերաբանութիւն» (1580թ.) գրքից:
Գրատպության թանգարանը հագեցած է նոր տեխնոլոգիաներով, ինչը ստեղծում է ոչ ֆորմալ կրթության ինտերակտիվ միջավայր: Հոլոգրաֆիկ սարքի միջոցով այցելուն հնարավորություն ունի ծանոթանալու տպագրության եղանակներին և այլն:
Գրատպության թանգարան անվճար այցելելու համար կարող եք ձեռք բերել Երևան Քարտ, որն իր մեջ ներառում է Երևանի շուրջ 40 թանգարաններ և ունի բազմաթիվ առավելություններ, որոնք մշակված են զբոսաշրջիկների այցը հետաքրքիր և մատչելի դարձնելու համար: Երևան Քարտի տեսակներին կարող եք ծանոթանալ այստեղ: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 12 22 33 22, ինչպե նաև գրել մեր էլ. հասցեին կամ առցանց չաթին:
Տերյան փ. 72
Երևան 0009, Հայաստան
+374 60 62-35-14
www.nla.am
Աշխատանքային օրեր
Երեքշաբթի - Կիրակի՝ 10:00 -16:00
Հանգստյան օրեր
Երկուշաբթի
Ամանորյա տոնական օրերին
թանգարանը փակ է՝
30.12.2019 - 07.01.2020: