Երևանի Քանաքեռ թաղամասում քանաքեռցի Աբովյանների տոհմական տանը, որտեղ ծնվել է հայ նոր գրականության հիմնադիր, դեմոկրատ ու լուսավորիչ Խաչատուր Աբովյանը, գործում է գրողի տուն-թանգարանը։ Հարթ տանիքով միահարկ տունը՝ բաղկացած երեք սենյակից և մեծ պատշգամբից, շուրջ 200 տարի առաջ կառուցել էր նրա պապը՝ Ապովը։ Թանգարանի շենքի՝ հյուսիսային երկհարկանի մասում տեղադրված են ցուցասրահները, դահլիճն ու աշխատասենյակները։ 2005 թվականին թանգարանը լիարժեք հիմնանորոգվեց, իսկ ցուցադրությունը համալրվեց մեծ հետաքրքրություն ներկայացնող նոր նյութերով ու վավերագրերով. դրանք ներկայացված են 12 բաժիններում՝ սկսած ծննդավայր Քանաքեռից, Էջմիածնում, Ներսիսյան դպրոցում, Դորպատում ուսումնառության տարիներից, 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի պատմությունից, Արարատ լեռը բարձրանալուց, գրական առաջին քայլերից ու բանահավաքչական գործունեությունից մինչև նրա առեղծվածային անհետացումը։
Հիմնական ֆոնդում հաշվառված է ավելի քան 650 առարկա՝ գրողի գրական, մանկավարժական, գիտական և հասարակական գործունեության մասին պատմող ցուցանմուշներ, նրա երկերի անդրանիկ և հետագա հրատարակություններ, թարգմանություններ, ձեռագրեր, գրողին նվիրված արվեստի գործեր և այլն։ Ներկայացված են գեղանկարներ, գծանկարներ, քանդակներ, կիրառական արվեստի առարկաներ, հնագիտական, կենցաղի և ազգագրական իրեր, լուսանկարներ և փաստաթղթեր։ Հիշատակության են արժանի գրողի որդու՝ Վարդանի ջութակը, հայ անվանի նկարիչներ Գևորգ Բաշինջաղյանի, Երվանդ Քոչարի, Էդուարդ Իսաբեկյանի և այլոց կտավները, ինչպես նաև հնատիպ և հազվագյուտ հրատարակություններ։
Ցուցադրված են նաև նրա առաջին վեպի բոլոր հրատարակությունները, նմուշներ գրողի ձեռագրերից, թարգմանություններ, նամակներ, խնդրագրեր, հոդվածներ և Խաչատուր Աբովյանի կյանքն արտացոլող հայ արվեստագետների ստեղծագործություններ։
Քանաքեռ, 2-րդ փողոց, տուն 4
Երևան 0052, Հայաստան
+374 10 28-46-86
www.abovyanmuseum.am
Աշխատանքային օրեր
Երկուշաբթի-Ուրբաթ՝ 10:00- 17:00
Շաբաթ՝ 10:00-15:00
Հանգստյան օրեր
Կիրակի
Ամանորյա տոնական օրերին
թանգարանը փակ է՝
31.12.2019 - 07.01.2020: